Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հարավկորեական Փուսան քաղաքում մասնակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ ասամբլեային, որի բացմանը կոչ է արել ակտիվացնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը: «Մենք խորապես ցնցված ենք մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի սարսափելի տանջանքներից։ Վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք դառնում ծայրահեղականների կողմից նրանց հետապնդումների ականատեսը, և դա միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։ Մերձավոր Արևելքում բռնության ենթարկվող քրիստոնյաները վկայում են մեր օրերում չարչարանքների մասին։ Մեր ուժերի սահմաններում է մեր երկրներում և այս ասամբլեայում միավորել մեր ձայներն ու գործողությունները՝ բռնության դեպքերը կանխելու և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու համար»,- ասել է նա։ Վեհափառի խոսքով՝ առաքելական ժամանակներից ի վեր Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքները, ներառյալ հայերը, ապրել են խաղաղ և բարեկեցիկ։ Քրիստոնյաները խաղաղարարների դեր են կատարել շրջանում։ Եվ իրենց երկրներում նրանց հանդեպ վերաբերմունքն «արդարադատության թեստ» է՝ հարգվու՞մ են արդյոք մարդու իրավունքները տեղի իշխանությունների և բնակչության մեծամասնության կողմից։
«Մենք պետք է վճռական հայտարարենք մարդու իրավունքների դոկտրինի համընդհանրության մասին՝ արդյոք խոսքը Սիրիայում և Եգիպտոսում կյանքի պայքարի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ բնակիչների ինքնորոշման իրավունքի համար պայքարի մասին է»,- նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա հավելել է, որ 2015-ին կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և շնորհակալություն է հայտնել ԵՀԽ-ին և ավելի քան 20 երկրների` եղեռնի պաշտոնական ճանաչման համար։